Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 25-ին, դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու ու փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով ցուցմունք տվեց կաշառքի մասին ԱԱԾ հաղորդում ներկայացրած, գործով վկա Նորիկ Հակոբյանը:
Նա դատարանում պատմեց, որ դատավոր Իշխան Բարսեղյանին գումարը անձամբ տվել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում:
«Իմ պաշտպանի՝ Կիմա Սարյանի ներկայացրած հակընդեմ հայցը Իշխան Բարսեղյանը չէր ընդունում, ես էլ անհանգստանում էի, որ ինձ տնից կվտարեն: Դրա համար էլ նրան ասացի, որ մտնի, խոսի դատավորի հետ, նա էլ ասաց, որ ոչ մի դեպքում չի մտնի, չանհանգստանամ, որովհետեւ ինձ տնից չեն կարա վտարեն: Ես էլ նրան ասացի, որ ինչ-որ մեկին խորհուրդ տա, որը կմտնի դատավորի մոտ, կպարզի՝ ինչի չի ընդունում հակընդեմ հայցը վարույթ, Կիման էլ Էլզայի համարը տվեց»,-ասաց Նորիկ Հակոբյանը:
Նորիկ Հակոբյանը զանգել է Էլզա Զաքարյանին, ներկայացրել խնդիրը, որից հետո Էլզա Զաքարյանը նրան ասել է, որ ճանաչում է Իշխան Բարսեղյանին եւ կմտնի, կխոսի նրա հետ:
«Մտավ դատավորի մոտ, դուրս եկավ եւ ասաց՝ 1000 դոլար ունե՞ս, ասացի՝ 10 հազար դրամ էլ չունեմ: Ասաց, որ դատավորն ասել է, եթե էսօր փողը կբերի, խնդիրը կլուծենք, եթե ոչ՝ էս հարցով էլ ինձ չդիմեք: Հետո Էլզան ասաց, եթե գումարը գտնեմ, զանգեմ իրեն տեղեկացնեմ»,-պատմեց վկան:
Նորիկ Հակոբյանի խոսքով, անհրաժեշտ գումարը չի կարողացել գտնել եւ նույն օրը գնացել է ԱԱԾ եւ պատմել, որ իր տան հետ կապված խնդիր կա եւ, դատավորն իրենից 1000 դոլար գումար է պահանջել՝ տնից իրեն չվտարելու համար:
«Այնտեղ ինձ գումարը տվեցին եւ իրենց գործողությունները սկսեցին: Զանգեցի Էլզային, ասացի, որ գումարը ճարել եմ: Էլզան էլ փոխանցեց, որ Իշխան Բարսեղյանը ինձ կսպասի Կինո Հայրենիքի մոտ: Գնացի, Իշխան Բարսեղյանն ինձ ճանաչեց, ասաց, որ իջնենք գետնանցում, այնտեղ գումարը տվել եմ եւ մնացածը, թե ինչ է տեղի ունեցել, ես չգիտեմ»,-պատմեց վկան:
Նորիկ Հակոբյանը ցուցմունքից հետո պատասխանեց դատախազի, այնուհետեւ՝ պաշտպանական կողմի հարցերին: Նրա պատասխաններից պաշտպանական կողմը դժգոհ էր. Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպաններն արձանագրեցին՝ վկան ստում է եւ այդ պատճառով էլ իրենց հարցերին հստակ պատասխաններ չի տալիս, փորձում է շախմատային քայլեր անել:
Նորիկ Հակոբյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա հունիսի 1-ին:
Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:






























