Տասը տարում Բուլղարիան կարողացել է լրջորեն նվազեցնել ստվերային տնտեսության ծավալը, մի շարք միջոցառումների, մասնավորապես հարկային հաջող բարեփոխման շնորհիվ։ Այս մասին Երեւանում Գործատուների միավորումների միջազգային համակարգող խորհրդի նիստի ժամանակ հայտնել է Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի (ԲԱԿԱ) նախագահ Վասիլ Վելեւը։

Նա նշել է, որ ստվերային տնտեսությունը չի կարելի ճշգրիտ չափել, այն կարելի է միայն գնահատել, ու ԲԱԿԱ-ն մշակել է հատուկ գործակից՝ վիճակագրական ու սոցհարցումների տվյալների գործածոմով։ Իսկ հետո այդ ամենը դրական ներկայացնելու համար որոշում է կայացվել գնահատել ոչ թե ստվերային տնտեսությունը, այլ տնտեսության «լուսավոր» կողմը։ 2010-ին Բուլղարիայի տնտեսության լուսավոր կողմի ծավալը կազմել է 64 տոկոս։ 2016-ի գործակիցը կհայտնեն հունիսի 12-ին ու այն կազմելու է մոտ 71 տոկոս։

«Ստվերային տնտեսությունը միայն բյուջեի մուտքերը չի նվազեցնում։ Այն անբարեխիղճ մրցակցություն է ստեղծում՝ ով օրինական է աշխատում, հայտնվում է ոչ շահավետ վիճակում։ Մենք հասել ենք նրան, որ դա հասարակության համար առաջնայնություն է դարձել ու կառավարությունը ընդունել է ստվերային տնտեսության սահմանափակման ծրագիր, որը հիմա իրականացվում է»,- ասել է Վասիլ Վելեւը, հավելելով , որ ստվերային տնտեսությունը գոյություն ունի, քանի որ պետությունը վատ է աշխատում։ Նրա խոսքով «ստվերային տնտեսության բարոյական արդարացումն է ՝ ես ավելի լավ է փողն ինձ պահեմ, ու ինքս ամեն ինչ կազմակերպեմ, քանի որ պետությունը վատ է կազմակերպում իմ փողերով»։ Ու այս դիրքորոշման հետ դժվար է վիճելը, հավելեց Վելեւը, քանի որ իրոք «երբ պետությունը վերցնում է գումարի մեծ մասը, այն գողանում է ու անարդյունավետ է տնօրինում այդ գումարները»։

Վելեւի խոսքով Բուլղարիայում 2007-ին լավ հարկային բարեփոխում է իրականացվել, սահմանվել են ցածր հարկեր, ու օրենսդրությունը դրանից հետո չի փոխվել։ Երկրում բոլոր կանխիկ գործարքները իրականացվում են միայն հսկիչ դրամարկղի միջոցով, որը առցանց միացված է հարկայինի հետ։ Փոքր ընկերություններին իրավունք են տվել ԱԱՀ-ն վճարել ոչ թե ըստ գործարքի, այլ վճարման փաստի։ Երկրի հարկային կառուցվածքը հետեւյալն է ՝ 10 տոկոս կորպորատիվ հարկ, 10 տոկոս՝ ֆիզիկական անձանց եկամտահարկ, ընդ որում չկա չհարկվող նվազագույն ու չկա աճող սանդղակ։ ԱԱՀ-ն կազմում է 20 տոկոս, իսկ սոցիալական վճարների ընդհանուր տոկոսը 31 է։

Բայց կան նաեւ մի շարք խնդիրներ։ Օրինակ դեռ չեն կարողանում հասնել վարչական ճանապարհով նվազագույն աշխատավարձի ձեւավորումից հրաժարվելուն։ Վելեւի խոսքով 4 տարում նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 50 տոկոսով, մինչդեռ տնտեսությունն աճել է 12-13 տոկոսով։ Նվազագույն աշխատավարձի սահմանումը չորակավորված աշխատուժը տանում է դեպի ստվեր, նշեց նա՝ հավելելով, որ ԲԱԿԱ-ն դատարանով բողոքարկել է կառավարության այդ որոշումը ու շահել, բայց դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել։

Նաեւ Բուլղարիայում փորձել են ներդնել մատնությունների մեխանիզմը, որը լավ է գործում Եվրոպայում, բայց Բուլղարիայում, նրա խոսքով, դա արդյունավետ չի եղել։

Երեւանում Գործատուների միությունների միջազգային համակարգող խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել ուսումնասիրել ու օգտագործել Բուլղարիայի փորձը ստվերային տնտեսության դեմ պայքարում։ Մասնավորապես Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտնել է, որ Հայաստանը կարող է դիմել եվրոպական դոնորական կազմակերպություններին՝ բուլղարական փորձը Հայաստանում ներդնելը հովանավորելու համար, ու Բուլղարիայի կառավարությունն ու ԲԱԿԱ–ն պատրաստ են օգնել այդ հարցում։