Հայաստանում սպառողական վարկերը կարելի է անարգել ժամկետից շուտ մարել։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆինանսական օմբուդսմեն Փիրուզա Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության ապրիլի 27-ի նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտել է վարկերի ժամկետից շուտ մարման համար տուգանքներին վերաբերող բողոքների մասին։ Դրան ի պատասխան ՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նկատել է, որ հիպոտեկային վարկերի մասով արդեն կազմվել է օրինագիծ՝ հօգուտ սպառողների, որը արդեն խորհրդարան է մտել։

Սարգսյանն էլ իր հերթին հիշեցրել է, որ սպառողական վարկերը կարելի է ժամկետից շուտ մարել ցանկացած պահի։ Իսկ հիպետեկայի դեպքում բանկերը կամ վարկային կազմակերպությունները իրավունք ունեն սահմանել ցանկացած տուգանային վճարներ կամ այլ պարտավորություններ։

«Եթե խոսենք բողոքների մասին, ապա եղել են դեպքեր, երբ մեզ խնդրել են ստուգել տուգանքների հաշվարկի իրավացիությունը, բայց տուգանքների մասին, որպես այդպիսին, բողոքներ չեն եղել»,- նկատել է Սարգսյանը։