2017 թվականի սկզբին Եվրասիական տնտեսական միության բոլոր հինգ երկրներում տնտեսական աճ է արձանագրվել։ 2014 թվականից ի վեր սա առաջին նման ցուցանիշն է։ Այս մասին «Գործնական Ռուսաստան» գլխավոր ու տարածաշրջանային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Միության անդամ երկրների արտաքին առեւտրի ծավալը 2017 թվականի հունվար-մարտ ընկած ժամանակահատվածում մեծացել է 29,6 տոկոսով՝ անցյալ տարվա նույն շրջանի համեմատ։ Փոխադարձ առեւտրի աճը կազմում է 31,1 տոկոս։ «Մեծանում է ԵՏՄ գործընկեր երկրների ընկերությունների ներդրումների թիվը։ Աճ է գրանցվում տնտեսության ոլորտում, աճում են բեռնա եւ ուղեւորափոխադրության ծավալները։ Մինչեւ 2019 թվական հանձնաժողովի կանխատեսումը կայուն-բարենպաստ է»,- ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը։

Միայն 2016-2017 թվականներին ԵՏՄ երկրները պայմանավորվել են ներքին շուկաներում վերացնել 60 արգելք։ Տարբեր ոլորտներում սկզբունքային պայմանավորավոծություններ են ձեռք բերվել։

Տիգրան Սարգսյանը ձեռնարկատերերին տեղեկացրել է բիզնես հանրության հետ հանձնաժողովի համագործակցության ձեւերի մասին։ Գործում է ԵՏՄ Գործնական խորհուրդը, որտեղ ներառված են բոլոր անդամ երկրների բիզնես ասոցացիաները։

«Արգելքների վերացումը, սահմանափակումների կրճատումը ԵՏՀ գործունեության գլխավոր ուղղությունն է։ Միայն 2016 թվականին Միության մարմինների ընդունած որոշումների առնվազն 30 տոկոսն ուղղված է արգելքների ոչնչացմանն ու Միության ներքին շուկայի գործառույթների բարելավմանը»,-ասել է Տիգրան Սարգսյանը։