ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն  այսօր ընդունել է ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ  Հասմիկ Ջհանգիրյանին` Արարատի մարզի Հովտաշատ համայնքի (Մեհմանդարի) շուկայի մեծածախ առեւտրով զբաղվող վաճառականների խնդիրները քննարկելու նպատակով:

Օրերս մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որի համաձայն Մեհմանդարի շուկայում որոշ գյուղմքերթի իրացման համար խոչընդոտներ են առաջացել, ինչը տեղական որոշ արտադրողների եւ ներմուծողների դժգոհության պատճառ է հանդիսացել: 

Իրավիճակին ծանոթանալու եւ խնդիրը պարզաբանելու նպատակով ՀՀ Ագրոաշխատողների արհմիության ՃՀՄ նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն Արմավիրի ԳԱՄԿ-ի տնօրեն Լեւոն Ալեքսանյանի հետ այցելել են Հովտաշատի շուկա, զրուցել իրենց բերքը վաճառող գյուղացիների եւ որոշ վերավաճառողների հետ: Հասմիկ Ջհանգիրյանի խոսքով` շրջայցի ընթացքում շուկայում գյուղացու շահերը ոտնահարելու, առեւտուր իրականացնելու ընթացքում միտումնավոր արհեստական խոչընդոտներ ստեղծելու եւ անհավասար պայմանների առկայության վերաբերյալ ոչ մի բողոք չի արձանագրվել:

Միաժամանակ նա հավելել է, որ գյուղացիներն իրենց մտահոգությունն են հայտնել մի շարք խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝  մթերող կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների, գյուղմթերքի իրացման, խորհրդատվության եւ այլ հարցերի շուրջ:

Լսելով Հասմիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված գյուղացիներին հուզող խնդիրները` նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում արդեն իսկ մշակվել են համապատասխան ծրագրեր:

Նախարարը նաեւ նշել է, որ հունիսի 10-ից Կասյան փողոցին հարող հրապարակում նախատեսվում է վերաբացել գյուղատնտեսական տոնավաճառը, որտեղ գյուղացիները լրացուցիչ հնարավորություն կստանան իրացնել սեփական արտադրանքը: