Երևանում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ ցուցապաստառը տեղադրելու համար «Փինկ Արմենիա» կազմակերպությունն ունեցել է պայմանագիր համապատասխան գովազդային գործակալության հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, «Գնահատականներ Երեւանում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ ցուցապաստառի ապամոնտաժմանը» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Փինք Արմենիա» ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը:

«Պայմանագիրը կնքող գործակալությունը բազում տարիների փորձ ունի եւ գործել է նույնկերպ, ինչպես միշտ է գործել գովազդային վահանակների տեղադրման հարցում: Դրանից 3 օր էր անցել ու քաղաքապետարանը նոր-նոր գիտակցեց, որ թույլտվության դիմում չի եղել եւ առանց մեզ տեղյակ պահելու ապամոնտաժվել են գովազդային վահանակները: Եթե անգամ տեխնիկական ինչ-որ կարգ է խախտվել, դա քաղաքապետարանին իրավունք չէր վերապահում խախտել մարդու իրավունքները: Այստեղ նաեւ խտրականության դրսեւորում ենք տեսնում: Արդյոք բոլոր դեպքերում, երբ այդ դիմում չի ներկայացվել քաղաքապետարան թույլտվություն ստանալու համար, ապամոնտաժում են պաստառները: Այստեղ ակնհայտ է, որ խնդիրը բովանդակությունն է, ոչ թե թույլտվության բացակայությունը»,-հայտարարեց Հասմիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանն, ընդհանրապես, որեւէ պաշտոնական պարզաբանում չեն տվել:

«Մենք պատրաստվում ենք ամեն ինչ անել, այդ թվում իրավական ճանապարհով, որ մեր խախտված իրավունքները վերականգնվեն եւ այդ պաստառները նորից հայտնվեն վահանակների վրա»-ասաց նա:

Հասմիկ Պետրոսյանի ներկայացմամբ, քաղաքապետարանը միայն վերահսկողություն է իրականացնում պաստառների բովանդակության, օրենքին համապատասխանելու առումով. «Այսինքն որպեսզի դրանցում չլինեն ապօրինի պատկերներ, խախտված չլինի Լեզվի մասին օրենքը, գովազդում կոմերցիոն նպատակով երեխաների չօգտագործեն: Եթե այս դեպքում բովանդակային առումով ապօրինի ոչինչ չկար, քաղաքապետարանը պետք է ճկուն լիներ: Մենք փորձելու ենք դիմել եւ ստանալու սոցիալական գովազդի համապատասխան որակավորումը եւ իրենց իսկ դրված սահմաններում տեխնիկական փորձենք թույլտվություն ստանալ եւ տեսնել, արդյոք քաղաքապետարանը մերժելիս ձեւական հիմնավորումներ կբերի՞, թե՞ կանդրադառնա բուն բովանդակությանը»:

Նշենք, որ այդ պաստառները մնացել էին 3 օր, սակայն ֆեյսբուքում բուռն քննարկումներից հետո քաղաքապետարանը հեռացրել էր դրանք, իսկ Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Քաղաքում ապօրինի տեղադրվել է 3 պաստառ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ: Անկախ բովանդակությունից դրանք ապամոնտաժվել են, քանի որ Երեւանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»: