Երեւանի ավագանու 2-րդ գումարման 9-րդ նստաշրջանի 4-րդ եւ վերջին նիստի օրակարգը սպառելուց հետո Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը համառոտ ներկայացրել է Երեւանի 2-րդ գումարման ավագանու գործունեության հաշվետվությունը: Ըստ այդմ՝ 2013-2017 թվականների ընթացքում գումարվել է ավագանու 52 նիստ, որոնց ընթացքում ընդունվել է 743 որոշում, որից 722-ը կատարվել է, 21-ն ընթացքի մեջ է: Նաեւ նշվել է, որ այս տարիների ընթացքում ավագանու անդամների, խմբակցությունների եւ հանձնաժողովների կողմից Երեւանի քաղաքապետին ուղղվել է ավելի քան 2000 գրություն, որոնց սահմանված ժամկետներում տրվել են պատասխաններ:

Մինչ Երեւանի ավագանու 2-րդ գումարման աշխատանքներն ավարտելը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ավագանու բոլոր անդամներին՝ անցած 4 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար:

«Իմ եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ համատեղ աշխատանքի համար, որը եղել է իսկապես արդյունավետ: Շնորհակալ եմ նաեւ բոլոր լրատվամիջոցներին՝ անցած այս չորս տարիների ընթացքում Երեւանի 2-րդ գումարման ավագանու աշխատանքները, քննարկումները լուսաբանելու համար: Բոլորիս մաղթում եմ հաջողություն, իսկ արդեն 3-րդ գումարման ավագանուն էլ՝ արդյունավետ աշխատանք», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: