Կառավարությունն առաջարկում է նախարարների թիվը դարձնել 18: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Փոխնախարարի խոսքով, կրճատումն արվում է՝ հաշվի առնելով 2015թ. ընդունված Սահմանադրությունը:
«Սա նշանակում է, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար քաղաքական պաշտոնը փոխարինվելու է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ աշխատավարձը պահպանվելու է:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու է այժմ արվում այս փոփոխությունները, եթե նորմն ուժի մեջ է մտնում 2018թ.-ից: Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ սա արվում է սահուն անցում կատարելու համար:





























