Նիդեռլանդների խորհրդարանի վերին պալատը աջակցել է Ուկրաինայի ու ԵՄ-ի միջեւ ասոցացման մասին համաձայնագրի վավերացումը։ Նիդեռլանդները ԵՄ-ի վերջին երկիրն էր, որը չէր վավերացրել այդ համաձայնագիրը։ Կառավարությունը 2016-ի դեկտեմբերին էր հավանություն տվել ասոցացման մասին համաձայնագրին

Վավերացման գործընթացն ավարտելու համար այն պետք է վավերացվի Նիդեռլանդների կառավարության կողմից։

Նիդեռլանդները վավերացված փաստաթղթերը ԵՄ-ին պետք է փոխանցի, ու հաջորդ ամսվա առաջին օրը ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի։

2016-ի ապրիլին կայացած հանրաքվեի ժամանակ նիդեռլանցիների ավելի քան 60 տոկոսը դեմ էր քվեարկել Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագրի կնքմանը։ Հանրաքվեն զուտ ռեկոմենդացիոն բնույթ ուներ։

Անցած տարվա բանակցություններից հետո Նիդեռլանդները ԵՄ-ի հետ պայմանավորվել էր համաձայնագրին հատուկ հավելված կցել, որը վստահեցնում է, որ ասոցացման մասին համաձայնագիրը Ուկրաինային չի տրամադրի ԵՄ թեկնածուի կարգավիճակ ու չի պարտավորեցնի ապագայում տրամադրել նման կարգավիճակ։