Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Արմավիրի մարզ եւ ծանոթացել Արմավիրի մայր ջրանցքի վերականգնման ընթացքին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրան ուղեկցել է ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանը:

Ջրանցքը վերակառուցվում է Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրով, եւ խնայված 1 մլրդ 400 մլն դրամով արդեն մեկնարկել են Սարդարապատ համայնքի տարածքում մայր ջրանցքի հողային հունով 7 կմ-անոց հատվածի վերակառուցման աշխատանքները: Դրանք նախատեսվում է ավարտել 2011թ. մարտին, որից հետո մայր ջրանցքն ամբողջությամբ կվերականգնվի:

Ա. Գեւորգյանը շինարարակական կազմակերպություններին հորդորել է շեշտը դնել որակի վրա եւ պահպանել ժամանակացույցը:

Արմավիրից փոխվարչապետը մեկնել է Արարատի մարզ, որտեղ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ  ծանոթացել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում Ռանչպար, Մխչյան եւ Բաղրամյան համայնքների պոմպակայանների վերականգնման եւ վերազինման աշխատանքների ընթացքին:

Պոմպականների վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2011թ. գարնանը: «Ռանչպար-1» պոմպակայանում արդեն կատարվել է շինարարական աշխատանքների շուրջ 40 տոկոսը, «Մխչյան-1»-ում` մոտ 50 տոկոսը, իսկ Բաղրամյանի պոմպակայանում` արդեն 60 տոկոսը: Փոխվարչապետին է ներկայացվել, որ Բաղրամյանի պոմպակայանի վերակառուցման ժամանակ առաջացած խնդիրները կապված են եղել ավազորսիչ հանգույցի հետ, եւ շինարարական ընկերությանն արդեն առաջարկվել են նոր, առավել արդյունավետ նախագծային լուծումներ:

Ա. Գեւորգյանը հույս է հայտնել, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում եւ վերազինված պոմպակայանների միջոցով հնարավոր կլինի ավելի արդյունավետ կազմակերպել գալիք ոռոգման շրջանը: