Վանաձորում վերելակի հորանն ընկած աղջկա առողջական վիճակը ծանր է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Վանաձորի բժշկական կենտրոնից։

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն ընկել էր 14-ամյա Լուսինե Զ.-ն, որը ստացել է բազմակի վնասվածքներ: Նրա մոտ ախտորոշվել է երկու ազդրերի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, քթի ոսկրերի կոտրվածք, կասկած կա, որ վնասվել է նաեւ ողնաշարը: Աղջիկը ներկայումս գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր: Բժիշկները միջոցներ են ձեռք առնում նրա շոկային վիճակից հանելու ու առաջնային բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Աղջկան Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ, դեռեւս պարզ չէ: Այս հարցը ներկայումս քննարկվում է մասնագետների ու հարազատների կողմից:

Մյուս աղջիկը՝ 14-ամյա Վ. Ա.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:Ներկայումս դեպքի վայրում աշխատում են մասնագետները՝ պարզելու վերելակի վթարի պատճառները։