Այսօր՝ նոյեմբերի 24-ին բողոքի ակցիա է կազմակերպվել Կոմիտասի արձանի մոտ, որին մասնակցել են բազմաթիվ մտավորականներ: Նրանք իրենց ձայնն են բարձրացրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իրականացվող բռնաճնշումների դեմ:
Մտավորականները հայտարարություն են ընդունել, որում, մասնավորապես, ասված է.
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես լրագրողի նկատմամբ հարձակումների պարբերականությունը մտահոգություն են հարուցում: Սա վկայում է այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդ հարձակումների ուղղորդված լինելու եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից կիսում ենք նրա քաղաքական հայացքները թե ոչ, պահանջում ենք անհապաղ քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների»:
Հայտարարությանը միացել են 100-ից ավելի մտավորականներ, այդ թվում դիրիժոր Օհան Դուրյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանը, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, ռեժիսոր Վահե Շահվերդյանը, դերասան Երվանդ Մանարյանը, երաժիշտ Վահան Արծրունին, նկարիչ Սամվել Սեւադան, երգահան Ռուբեն Հախվերդյանը, Ampyray խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, դերասան Աշոտ Ադամյանը եւ այլ:




























