Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բոյկոտելու որոշումը։

Այս առնչությամբ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասվնավորապես, ասվում է.

«Պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացրել էր բոյկոտի «հիմնավորումները», չեն դիմանում որեւէ քննադատության, քանի որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2008թ. Բուխարեստյան հանդիպումից սկսած երեք տարի շարունակ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը իր հռչակագրերով անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորմանը, մատնանշելով Հելսինյան Եզրափակիչ ակտի սկզբունքներից միայն մեկը։ ՀՀ ԱԳՆ-ն երբեւէ չի անդրադարձել այդ փաստաթղթերին, լուռ կեցվածքով, փաստորեն, համաձայնելով անարդար այդ ձեւակերպան հետ։

Փոխանակ օգտագործելու աշխարհի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ կազմակերպություններից մեկի հարթակը Հայաստանի եւ ԼՂՀ դիրքորոշումը հնչեցնելու, հնարավորության դեպքում աննպաստ ձեւակերպումները փոխելու նպատակով, Սերժ Սարգսյանը որդեգրել է երկչոտ եւ անպատասխանատու կեցվածք, որը հարիր չէ ինքնիշխան պետությանը։ Նման անսկզբունքային քայլով Սերժ Սարգսյանը զրկել է Հայաստանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության միակողմանի եւ աղավաղված պատկերի ներկայացմանը հակադարձելու հնարավորությունից։

Լինելով միջազգային հանրության լիիրավ անդամ, Հայաստանը մշտապես պետք է իր գործուն մասնակցությունը ունենա բոլոր միջազգային կազմակերպությունների շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին` իր ներդրումը բերելով միջազգային խաղաղությանը եւ կայունությանը։