Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանում է քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին պատժախուց տեղափոխելու որոշումը: Հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրանքով) դատապարտված Ն. Փաշինյանը նոյեմբերի 15-ին, ժամը 16:00-ին սահմաններում, պաշտպանի հետ տեսակցելուց հետո, խախտելով քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, առանց համապատասխան թույլտվության, լքել է հերթապահ մասը, ինչի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Հաշվի առնելով դատապարտյալի կողմից նախկինում թույլ տրված ներքին կանոնակարգի բազմաթիվ խախտումները, որոշում է ընդունվել դատապարտյալին տեղափոխել պատժախուց` 15 օր ժամկետով:

Լրատվության առանձին միջոցների եւ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ դատապարտյալի «ճակատագրով» իբր մտահոգված մյուս անձանց, կոչ ենք անում զերծ մնալ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր հանցագործության համար համապատասխան պատժի դատապարտված Ն.Փաշինյանի կողմից քրեակատարողական հիմնարկում թույլ տրված ներքին կանոնակարգի խախտման առթիվ տույժերի կիրառման իրավաչափ եւ պարզ գործառույթը քաղաքականացնելուց»: