Ոստիկանության հարցերով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Քնութ Դրեյերի երկօրյա այցի հիմնական նպատակն է ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանում ոստիկանության համապարփակ բարեփոխումների ընթացքին:
«ԵԱՀԿ-ն ողջունել է Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունը` սկսելու ոստիկանության հավակնոտ բարեփոխումների ծրագիր, որն այս տարվա մայիսին ներկայացվել է ԵԱՀԿ քարտուղարությանը» , - ասել է խորհրդական Դրեյերն ու հավելել. «Բարեփոխումների լայնածավալ բնույթը ենթադրում է բավականաչափ երկար ժամկետների անհրաժեշտություն»:
Դրեյերն իր այցի ընթացքում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի հետ:
ԵԱՀԿ ոստիկանության հարցերով խորհրդականի` հայաստանյան կողմի հետ քննարկումների առանցքում էին ոստիկանության պատասխանատվությունը եւ ժողովրդավարական վերահսկողությունը, իրավապահ մարմիններում հակակոռուպցիոն միջոցառումները, ինչպես նաեւ համայնքային ոստիկանության ներդրումը:
«Ես հավատացած եմ, որ հաջողակ բարեփոխման գրավականը կրթական համակարգի բարեփոխումն է` այսօրվա ոտիկանների վերապատրաստումն ու ապագա սերնդի ուսուցանումը` ժողովրդավարական ոստիկանության սկզբունքների համապատասխան», - նշել է Դրեյերը:
Ոստիկանության աջակցության ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն օգնել է Ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգմանը եւ աջակցում է ուսումնական ծրագրի վերանայմանն ու մոդեռնիզացմանը:
Ոստիկանության գծով ԵԱՀԿ ավագ խորհրդականն այցելել է նաեւ համայնքային ոստիկանության երկու հենակետեր, որոնք բացվել են Արաբկիր համայնքում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ իրականացվող համայնքային ոստիկանության փորձնական ծրագրի շրջանակներում:
ԵԱՀԿ գրասենյակը 2005թ.-ից ներգրավվել է ոստիկանության բարեփոխումների նախաձեռնությունում:




























