Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Գայի պողոտայի թիվ 31 շենքի հարեւանությամբ գտնվող «Վիշապի կոթողներ» այգում ներկայումս հանվում են այգին պարսպապատած թիթեղները: NEWS.am-ի թղթակիցը թիթեղները հանող բանվորներից մեկից տեղեկացավ, որ նրանք դա անում են իրենց ղեկավարության հրամանով, քանի որ նրանք անհանգստացել են շենքի բնակիչների եւ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի կողմից մետաղյա պարիսպը քանդելու փորձերից:
«Հո չենք թողնելու մնացածն էլ տանեն»,-ասաց նրանցից մեկը:
Հիշեցնենք, որ այգում կատարվող ապօրինի շինարարության եւ ծառահատման փաստն այնքան էր վրդովեցրել շրջակա շենքերի բնակիչներին, որ ժամեր առաջ նրանք որոշել էին ինքնակամ կանխել կատարվող ապօրինությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ քաղաքացի ոմն Ռուբեն Կարախանյանին Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված 08.11.2010թ. թիվ 01/50-Կ-2038-652 շինարարության թույլտվությամբ այգում նախատեսվում է կառուցել 18-հարկանի բազմաբնակարան շենք: Սակայն հասարակական աղմուկից հետո այդ գործընթացը կարծես, թեկուզ ժամանակավորապես, դադարեցվել է:
Ի դեպ, անցած ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին այգում ավելացնել ծառերի, նստարանների ու կարուսելների թիվը, սակայն հիմա, ոչ միայն խոստումները չեն կատարվել, այլեւ գիշերով պոկել տարել են նստարանները, իսկ ծառերի մի մասն էլ կտրվել է:
Նշենք, որ «Վիշապի կոթողներ» տարածքում տեղադրված է Տիգրան Մեծի արձանը եւ բնակիչները մտավախություն ունեն, որ «ծովից ծով Հայաստան կերտած արքայի արձանի համար նույնպես տեղ չգտնվի այգում:
Եվս մեկ նկատառում. «Վիշապի կոթողներ» այգու ցուցանակի վրա Հանրապետական կուսակցության զինանշանն է եւ գրված է, որ այգին բարեկարգվում է ՀՀԿ կողմից:




























