Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը Վրաստանին կոչ է արել իրականացնել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի հետ տեղի ունեցած միջադեպի արդյունավետ, արագ ու անկախ հետաքննություն։
«Ինձ ցնցել է այն, ինչ տեղի է ունեցել ադրբեջանցի լրագրող ու ակտիվիստ Աֆղան Մուխթարլիի հետ, որը ինչպես հայտնում են առեւանգվել է Վրաստանում ու բռնի տեղափոխվել Ադրբեջան, որտեղ հիմա նրան մեղադրում են ապօրինի սահմանահատման ու մաքսանենգության մեջ»,- հայտնել է նա։
Մույժնիեկսի խոսքով, Մուխթարլին լքել է Ադրբեջանը՝ կառավարության հետապնդումից խուսափելու համար։
«Նրա փաստաբանի խոսքով՝ Մուխթարլին պնդում է, որ առեւանգողներն իր գրպանի մեջ գումար են դրել, նաեւ դաժան են վարվել իր հետ։ Դա շատ լուրջ մեղադրանք է, որը պահանջում է սեւեռուն ուշադրություն ու շտապ արձագանք Վրաստանի իշխանությունների կողմից, որոնք պետք է իրականացնեն արդյունավետ, արագ ու անկախ հետաքննություն։ Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն պարոն Մուխթարլիին ու ապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը՝ այդ թվում պաշտպանությունը կտտանքներից ու դաժան վարվեցողությունից»,- հայտնել է մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը։





























