«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի խորհուրդ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դրական է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նոյեմբերի 19-20-ին Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չմասնակցելու որոշումը, այն համարելով համարժեք գնահատական ՆԱՏՕ-ի դրսեւորած միակողմանիությանը ԼՂ հարցում:

Նրանց հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«Ղարաբաղի  պատերազմի վետերաններ»  ՀԿ-ն ուշադիր հետեւում է  ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող զարգացումներին: Ողջունելով լիսաբոնյան գագաթաժողովին չմասնակցելու ՀՀ նախագահի որոշումը, սթափ գնահատելով ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը` հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ այդ երկրի ղեկավարության ռազմատենչ հայտարարության ֆոնի վրա, գագաթաժողովից հետո հնչող հայտարարություններին, մեկնաբանություններին եւ տեսակետներին, հայտարարում ենք.

ՀՀ նախագահի որոշումը համարժեք գնահատական էր ՆԱՏՕ-ի դրսեւորած միակողմանիությանը: Գագաթաժողովում  ընդունված հռչակագրում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներրից միայն մեկին. Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման պարագայում առաջնությունը տրվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքին:

Մինչդեռ հայկական կողմը բազմիցս հայտարարել է խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների կատարման երաշխավորման անհրաժեշտության  մասին` ԼՂՀ անկախության ճանաչում, անվտանգության երաշխավորում, ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջեւ սահմանների  ապահովում, ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի պահպանում: ԼՂ խնդրի կարգավորման հիմնական սկզբունքերի մասին համատեղ հայտարարությամբ հանդես են եկել նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարները. հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, պետք է ապահովվեն ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները:

ՆԱՏՕ-ն բազմիցս` նաեւ Լիսաբոնում հայտարարել է, որ Դաշինքը  ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ներգրավված չէ. կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ձեւաչափում է:  Եվ Լիսաբոն չմեկնելու ՀՀ նախագահի որոշումը հստակ ուղերձ էր Ադրբեջանին ու համաշխարհային հանրությանը, որ ընդհանրացված ձեւակերպումները եւ միայն տարածքային ամբողջականության մասին խոսելը կիրառելի չէ ղարաբաղյան հակամարտության  կարգավորման գործընթացում եւ դրական ոչ մի արդյունք չի կարող բերել:

Այսօր մեր երկիրը, հայ ժողովուրդը կանգնած են բախտորոշ լուծումներ ընդունելու շեմին. խոսվում է դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու հնարավորության մասին: Եվս մեկ անգամ հայտնելով մեր աջակցությունը ՀՀ նախագահին, Զինված Ուժերին, «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպությունը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է լրջագույն քայլ կատարել, կրկին` ինչպես 1996-ին` ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովում, կօգտվի «վետոյի» իր իրավունքից եւ Աստանայում չի ստորագրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ, որը չի բխի հայ ժողովրդի շահերից, չի համապատասխանի հայկական կողմի որդեգրած` խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներին»: