Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 24-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Աշգաբատի «Սապարմուրատ Նիյազովի» անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո, բարձրաստիճան հյուրերի սպասարկման սրահում նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատեւ զրույց են ունեցել: ՀՀ նախագահի կեցավայրում ավելի ուշ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի եւ Թուրքմենստանի Նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման ավարտին ստորագրվել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր, ինչպես նաեւ ընդունվել է համատեղ հայտարարություն, որում գնահատական է տրված հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակին, նախանշված են քաղաքական, տնտեսական եւ սոցիալ-մշակութային կյանքի կարեւորագույն ուղղություններով դրանց զարգացման հեռանկարները:

Բանակցությունների արդյունքում, մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի եւ Թուրքմենստանի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության մասին, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ Թուրքմենստանի կրթության նախարարության միջեւ կրթության բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի մշակույթի նախարարության եւ Թուրքմենստանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի եւ Թուրքմենստանի Կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի մասին համաձայնագրերը, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Թուրքմենստանի Մահտումկուլիի անվան համալսարանի միջեւ 2010-2015թթ. համագործակցության ծրագիրը: