Հետխորհրդային շրջանում հայ ընտանիքներում երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունն աստիճանաբար նվազել է եւ փոխարինվել ավելի շատ հոգեբանական ճնշումներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Արմինե Մանուկյանը։

«Ֆիզիկական պատժամիջոցները ավելի հաճախ կիրառվում էին 1970-1990-ական թվականներին: Բայց երբ երկրում փոխվեց հասարակական կարգը, դաստիարակչական մեթոդները նույնպես փոխվեցին»,- ասաց Մանուկյանը:

Ըստ հոգեբանի՝ երեխաների նկատմամբ բռնությունը ավելի հաճախ հանդիպում է սոցիալապես անապահով ընտանիքներում եւ գյուղական շրջաններում։

«Ռիսկի խմբում են հիմնականում դեռահասները, քանի որ նրանք ավելի ակտիվ են իրենց դրսևորում՝ փորձելով ամեն կերպ պաշտպանել սեփական «ես»-ը և լսելի դարձնել իրենց կարծիքը»,- ասաց Մանուկյանը։

Հոգեբանի խոսքով՝ մանկության տարիներին բռնության ենթարկված երեխաները հետագայում իրենք էլ հակված են լինում բռնության, հասունացման տարիքում կարող են դառնալ դաժան և չափազանց ագրեսիվ շրջակա միջավայրի և հասարակության նկատմամբ:

Երեխաների հոգեբանության վրա ազդում են մի շարք այլ գործոններ՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը, լիարժեք ընտանիքի բացակայությունը․ «Խոպան մեկնելու երևույթը կարող է վատ անդրադառնալ երեխայի ինքնակայացման վրա, քանի որ նա մեծանում է ոչ լիարժեք ընտանիքում»:

 

Երեխաների հոգեբանության վրա բացասաբար է ազդում ոչ միայն բռնությունը, այլեւ ծնողների չափից դուրս հոգատար վերաբերմունքը, ինչը բնորոշ է հայ ընտանիքներին։ Բացասական գործոնների շարքում հոգեբան Վլադիմիր Կարապետյանն առանձնացնում է նաեւ սերիալային մշակույթի ազդեցության աճը հայ ընտանիքներում. «Երեխաները նմանակում են այն, ինչ տեսնում են էկրանին, դառնում են ագրեսիվ»:

Հիշեցնենք, որ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը հրապարակել էր Հայաստանում անցկացված սոցհարցման արդյունքները, ըստ որոնց՝ հայ ծնողների մոտ 60%-ը կողմ է արտահայտվել երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառմանը: