Այսօր՝ նոյեմբերի 25-ին Երեւանի ժամանակով ժամը 20-ին մեկնարկելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական՝ 13-րդ հեռուստամարաթոնը: Հեռուստամարաթոնը, որն այս տարի կրում է «Ջուը կյանք է» խորագիրը, 12 ժամ շարունակ հեռարձակվելու է Լոս-Անջելեսից եւ ցուցադրվելու է Հ1, «Արմենիա», «Շանթ» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով, ինչպես նաեւ Լոս-Անջելեսի տեղական հայկական հեռուստաալիքներով: Այս տարվա հեռուստամարաթոնի խորագիրն է`  «Ջուրը կյանք է»:

 13-րդ հեռուստամարաթոնի հավաքած դրամական միջոցներն ուղղվելեւ են Լեռնային Ղարաբաղում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրների լուծմանը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Մոսկվայում նոյեմբերի 16-ին կայացած բարեգործական ճաշկերույթին ռուսաստանաբնակ հայ գործարարները խոստացել են 8 մլն դոլար նվիրաբերել հիմնադրամին, իսկ նոյեմբերի 18-21-ը Ֆրանսիայում անցկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Դրամահավաք միջոցառումը, որին այս տարի մասնակցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները, հանգանակել է շուրջ 1 միլիոն 300 հազար եվրո:

Նշենք, որ նախորդ՝ «Հեռուստամարաթոն-2009»-ի ընթացքում հիմնադրամը հայտարարել էր 15 մլն 875 հազար 43 ԱՄՆ դոլարի նվիրատվության մասին: Նվիրաբերված գումարները ուղղվել են Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը` սկիզբ դնելով Շուշիի վերածննդին: Հեռուստամարաթոնից առաջ Մոսկվայում կայացած ճաշկերույթին ռուստաստանաբնակ գործարար հայերը հանգանակել էին 5 մլն 290 հազար դոլար, իսկ Համաեվրոպական հեռախոսամարաթոնի ընթացքում հավաքվել էր 1 միլիոն 800 հազար դոլար:

«Հայաստան» համահայկական հիմանդրամն արդեն 200 մլն դոլարից ավելի աշխատանքներ է իրականացրել հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: