Պաշտոնական Թբիլիսին «ընդհանրապես չի մտածում» հայերենը որպես տարածաշրջանային լեզու ճանաչելու շուրջ։ Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է վերաինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին արտասահմանում հավատարմագրված վրացի դիվանագետների ու Վրաստանի կառավարության անդամների հանդիպմանը,- հաղորդում է Վրաստան Online-ը։
«Մենք ընդհանրապես չենք մտածում հայերենը տարածաշրջանային լեզու հայտարարելու շուրջ»,- հայտարարել է Յակոբաշվիլին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկրի դիվանագիտական կորպուսի հետ ամենամյա հանդիպմանը առաջարկել էր Թբիլիսիին՝ հայերենը տարածաշրջանային լեզու ճանաչել հայաբնակ Ջավախքի տարածաշրջանում։ «Կարծում եմ, որ հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալը, Հայոց Առաքելական եկեղեցու թեմի գրանցումը, հայկական հուշարձանների պահպանությունը նպաստում է հայ-վրացական բարեկամության ամրապնդմանն ու փոխադարձ վստահության խորացմանը»,- նշել է հայոց պետության ղեկավարը։
Մինչդեռ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, որը Երևանում էր գտնվում սեպտեմբերի 4-ից՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի առաջարկությունը հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է «հայ գործընկերների հետ քննարկել ցանկացած գաղափարներ»՝ ընդգծելով, որ անկախ այն բանից, թե ինչ կարգավիճակ Վրաստանում կունենա հայերենը, Վրաստանի հայազգի քաղաքացիները պաշտպանված են, իրավահավասար եւ նրանց բոլոր իրավունքները երաշխավորված են Վրաստանում բնակվող այլ ժողովուրդներին հավասար։




























