Այսօր` նոյեմբերի 26-ին  Հայփոստի թիվ 0010 փոստային բաժանմունքում մարվել են եւ շրջանառության մեջ դրվել սպորտային թեմաներով երկու նամականիշ եւ երկու գեղաթերթիկ` երեքական նամականիշով:

Մարվող նամականիշերը նվիրված են այս տարվա կարեւորագույն միջազգային սպորտային իրադարձություններին, ինչպես նաեւ շարունակվում է Հայաստանի օլիմպիական չեմպիոններին նվիրված շարքը, որը յուրահատուկ հարգանքի տուրք է հայ անվանի մարզիկներին.

գեղաթերթիկ 3 նամականիշով. Օլիմպիական չեմպիոններ.

Վլադիմիր Ենգիբարյան, Ֆաինա Մելնիկ, Յուրի Վարդանյան

գեղաթերթիկ 3 նամականիշով. 2010 XXI Ձմեռային օլիմպիական խաղեր.

Վանկուվեր, Լեռնադահուկային սպորտ, Դահուկավազք

1 նամականիշ.

2010թ. Երիտասարդական օլիմպիական խաղեր. Սինգապուր

1 նամականիշ.

ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Հարավային Աֆրիկա

Մարման պաշտոնական արարողությանը ներկա էին  ՀՀ Տրասպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսաելյանը, Հայաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, սպորտսմեններ այլ հյուրեր:

Բոլոր ելույթ ունեցողները առանձնահատուկ ընդգծեցին սպորտային ֆիլատելիայի զարգացման կարեւորությունը, հնչեցին շնորհակալական խոսքեր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ՙՀայփոստի՚ հասցեին` թեմատիկ նամականիշեր շրջանառության մեջ դնելու համար: Առանձնահատուկ ընդգծվեց հայ օլիմպիական չեմպիոններին նվիրված շարքի շարունակական թողարկումը:

Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը հիշեցրեց, որ Պեկինում` օլիմպիադայի օրերին անցկացվող ցուցահանդեսից, օլիմպիական թեմայով հավաքածուի համար, հայ ֆիլատելիստ Յուրի Կուպալյանը  վերադարձավ ոսկե մեդալով:

Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ կմարվեն եւ շրջանառության մեջ կդրվեն տարբեր թեմաներով եւս 14 նամականիշեր: