Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող փորձագետներ Ռոբերտ Հերցոգին, Ալինա Տատարենկոյին եւ Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել «Հայաստան- Եվրախորհուրդ. տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման 2011-2014թթ. գործողությունների ծրագրի» նախագծին, որի մշակմանն աջակցել են նաեւ փորձագետները: Փաստաթղթի մշակման աշխատանքներն արդեն ավարտման փուլում են: 

Փոխվարչապետը հաստատել է ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը: 

Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին նվիրված հարցերը քննարկվել են նաեւ այսօր անցկացված կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Եվրախորհրդի եւ Հայաստանի համայնքների միության համագործակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, տեղական եւ միջազգային փորձագետներ:  

ԵԽ փորձագետ, պրոֆեսոր Ռոբերտ Հերցոգն այսօր նաեւ թեմային վերաբերող  դասախոսությամբ հանդես է եկել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում: