ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի բնակիչը ձերբակալվել է՝ Երեւանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ 2017թ. հունիսի 18-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, Երեւանում գործող դեղատներից մեկում տեղի էր ունեցել ավազակային հարձակում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ատրճանակի գործադրման սպառնալիքով դեղատնից հափշտակել է կանխիկ գումար, ապա՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ՝ ՀՀ քարեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի 23-ամյա բնակիչ: Վերջինս հունիսի 20-ին ձերբակալվել է:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։