Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 27-ին մասնակցել է «Եվրոպական հեռանկարները «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում եւ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» 6-րդ համաժողովին։ Այն կազմակերպվել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» կողմից` Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի օժանդակությամբ։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամեն տարի կազմակերպվող համաժողովի շրջանակում  փորձագետներին ու հասարակությանն է ներկայացվում ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրման գործընթացը` նպատակ ունենալով նպաստել Հայաստանում քաղաքականության մշակման եւ որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը։

Տիգրան Սարգսյանն ընդգծել ԵՄ-ի հետ համագործակցության կարեւորությունը ՀՀ պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, տնտեսական զարգացման, եվրոպական երկրների հետ արտաքին առեւտրի ընդլայնման եւ  ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում։

Նա խոսել է ԵՄ-ի հետ համագործակցության խորացման հեռանկարների մասին` նշելով, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման արդյունքում հայաստանյան հասարակության ինքնակազմակերպումը պետք է  համահունչ լինի ժամանակակից Եվրոպայի ինքնակազմակերպմանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ քաղաքացիական հասարակության ձեւավորման խնդիրներին։ Նրա խոսքով` անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպություններն ունենան էական դերակատարություն: Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը կարեւորել է փոքր եւ միջին բիզնեսի դերը քաղաքացիական հասարակություն կառուցելու գործում։

Այնուհետեւ վարչապետը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին: