Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ջրօգտագործողների եւ Ջրառ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանն ամփոփվել են տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ նախանշվել 2011թ. անելիքները: Ներկայացվել է, որ նոյեմբերի 21-ի դրությամբ մատակարարվել է 398.693 մլն լ/խմ ջուր, որի հասույթը կազմում է 4,374,039 հազար դրամ: Նոյեմբերի 21-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հավաքագրման ցուցանիշն աճել է 345 մլն դրամով: Փոխվարչապետը հորդորել է հավաքագրման մակարդակը հասցնել Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համաձայնեցված ծրագրային ցուցանիշներին:
Ա. Գեւորգյանը Ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներից պահանջել է մինչ տարեվերջ կոնկրետ քայլեր ձեռնարկել վարձավճարների հավաքագրման ուղղությամբ: Նա նշել է նաեւ, որ արդեն ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է ՋՕԸ-ների կողմից մատուցվող ոռոգման ծառայություններն ազատել ԱԱՀ-ից:
Փոխվարչապետը հորդորել է ՋՕԸ-ների ղեկավարներին պատասխանատվությամբ մոտենալ եւ աջակցել մասնավորապես երրորդ կարգի ջրամբարների եւ պոմպակայանների վերականգնման ծրագրերի իրականացման ընթացքին:





























