Հայաստանի ասորական համայնքն ուղերձ է հղել հայ ժողովրդին եւ ՀՀ իշխանություններին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Օրերս Հայաստանի «Աթուռ» Ասորիների Ասոցիացիան 1915թ. ասորի նահատակների ցեղասպանության հուշաքարի հիմքը գցեց Երեւան քաղաքի Նալբանդյան եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկի օղակաձեւ այգում:
Հուշաքարը մեկ անգամ եւս կհիշեցնի Հայ-ասորական ցեղասպանության ճանաչման կարեւորությունը, ճանաչում, որը կկանխի մարդկության դեմ շարունակվող ցեղասպանությունը:
Այս նախագծով հիացած են ոչ միայն Հայաստանի ասորիները ,այլ նաեւ ԱՊՀ երկրներում ապրող մեր հայրենակիցները:
Հայաստանի Հանրապետությունը առաջին երկրներից է, որ ձեռք մեկնեց մեզ համար շատ կարեւոր այս նախաձեռնությանը, որը 2001-ից բազմիցս քնարկվել է Համաշխարհային Ասորական Ալյանսի կողմից:
Ուզում ենք մեր եւ աշխարհում սփռված ասորիների անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահին, Ազգային Ժողովին, Կառավարությանը եւ Երեւանի քաղաքապետին, այն մարդասիրական վերաբերմունքի համար, որ Հայաստան Աշխարհը ունի ոչ միայն Հայաստանում ապրող ասորական համայնքի, այլ նաեւ բոլոր ազգային փոքրամասնությունների հանդեպ»:





























