Վերջին տարիներին Հայաստանում հայտնաբերվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցող 9 գործակալ, եւ բոլորն էլ դատապարտվել են երկարատեւ ազատազրկման:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ պետական դավաճանության կամ լրտեսության առարկա է հանդիսանում ոչ միայն պետական գաղտնիք հանդիսացող նյութերի հավաքումը եւ տրամադրումը օտարերկրյա պետության հետախուզությանը, այլեւ՝ պետական գաղտնիք չհանդիսացող այլ տեղեկությունների հավաքումն ու հաղորդումը: Այլ տեղեկությունների ներքո օրենսդիրը եւ դատական պրակտիկան ճանաչում է տնտեսական, գիտական, քաղաքական, ռազմական, պետության պաշտպանունակությանը վերաբերող, այլ բնույթի ցանկացած տեղեկություն, որոնք թեեւ պետական կամ ռազմական գաղտնիք չեն կազմում, սակայն կարող են օգտագործվել ի վնաս Հայաստանի Հանրապետության: Պետական դավաճանության հանցագործության սուբյեկտ կարող է հանդիսանալ միայն ՀՀ քաղաքացին, իսկ լրտեսության՝ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը:

Հայաստանի դատական մարմիններում վերջին տարիներին քննվել է այսօրինակ բնույթի 5 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ, ընդ որում՝ դրանցից Մուրադ Բոջոլյանը, Անդրեյ Մազիեւը, Նինա Շիլինան, Իվետա Ֆիլկովան, Էդգար Ֆիլկովը եւ Ալեքսանդր Գասպարյանը, Գեւորգ Հայրապետյանը, դատապարտվել են՝ պետական դավաճանության (ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդված), իսկ ՌԴ քաղաքացի Ռուստեմ Վալիախմետովը եւ ԻԻՀ քաղաքացի Բեհնամ Բաղերին դատապարտվել են լրտեսության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 302 հոդված): Նշենք, որ նշված բոլոր գործերով ներպետական ատյանները հիմնավորված են համարել առաջադրված մեղադրանքները: Մասնակի բացառություն է կազմում միայն Գ.Հայրապետյանի եւ Բ.Բաղերիի վերաբերյալ քրեական գործը, որի վերաբերյալ դատավճիռ կայացրել է միայն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, իսկ վերաքննիչ դատարանը դեռ չի սկսել քննությունը: