ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրեին Wikileaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերը կարող են լուրջ ազդեցություն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում եւ հակամարտության կողմերի վրա ճնշում բանեցնելու առիթ դառնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով. «Այս արտահոսքից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները չեն կարողանալու հակադրվել, այլ գուցե ուղղակի համաձայնեն այն ամենին, ինչը կթելադրվի նրանց»:
Ինչ վերաբերում է այն բացահայտմանը, ըստ որի Հայաստանն Իրանին ապօրինի զենք է վաճառել, ապա սա, ըստ Սաֆարյանի, կարող է դառնալ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ուղղված նախազգուշացում: «Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններին դեղին քարտ են ցույց տալիս: Նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանի իշխանություններին: Այնպես որ, բոլոր երկրների հետ կապված կան հստակ ուղերձներ, եւ կան հաշվարկներ, թե ինչպես իրենց կպահեն այդ երկրների ղեկավարներն այս արտահոսքից հետո»,-հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Ըստ նրա՝ կոնկրետ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն այս արտահոսքից հետո կարող են ոչ թե ավելի վատանալ, այլ լավանալ, «քանի որ Հայաստանի իշխանությունները որեւէ կերպ այլեւս չեն կարող դիմադրել եւ կհամաձայնեն այն ամենին, ինչն իրենց կառաջարկվի»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի դիտարկմամբ,
բոլոր այն երկրները, որոնք հիշատակվել են Wikileaks-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերում, այն երկրներն են, որոնք ԱՄՆ-ի արտաքին քաղաքակության համար խնդիրներ են հարուցել՝ Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Գերմանիա, Իտալիա եւ այլն:
«Դրանք այն երկրներն են, որոնք խանգարել են ԱՄՆ ծրագրերի իրականացմանը՝ էներգետիկ ոլորտից սկսած մինչեւ հակամարտությունների լուծում»,-նշեց Սաֆարյանը: Նրա կարծիքով՝ փաստաթղթերի արտահոսքն ամենեւին էլ պահատական չէ եւ փոխելու է բազմաթիվ երկրների միջեւ հարաբերությունների որակը, իսկ որոշ դեպքերում ուղղակի վատացնելու է, ինչպես օրինակ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերում անդրադարձ կա Ադրբեջանի նախագահին, ով մասնավորապես ՌԴ նախագահին մեղադրել է կառավարել չկարողանալու մեջ եւ նշել, որ նրա կայացրած որոշումներն իրագործվելուց առաջ նախ պետք է արժանանան վարչապետ Պուտինի ապարատի հավանությանը:





























