Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 29-ին ընդունել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերակցության (GTZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհերի գլխավորած պատվիրակությանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետին ներկայացվել է ծրագրի ընթացքը, որն իրականացվում է «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, եւ որի  նպատակը Հայաստանի անտառների կառավարման ծրագրերի մշակումն է:

Ծրագրով նախատեսվում է նաեւ իրականացնել անտառների որակական եւ քանակական ցուցանիշների գնահատման մոնիտորինգ: Մշակվում է անտառների էկոհամակարգերի վիճակի գնահատման մեթոդաբանություն, եւ նշվել է, որ առավել արդյունավետ է համարվում հեռահար զոնդավորման սկզբունքով (արբանյակային պատկերների միջոցով) իրականացվող մոնիտորինգը: Ներկայումս աշխատանքեր են իրականացվում Սեւքարի անտառտնտեսության կառավարման պլանի մշակման ուղղությամբ, եւ առաջիկայում կներկայացվեն արդյունքները: Նախատեսվում է նաեւ բարձրադիր արոտավայրերի կառավարման ծրագրերի մշակում, եւ այդ աշխատանքներում խումբը պատրաստվում է համագործակցել շահագրգիռ մարմինների հետ: