Այսօր` նոյեմբերի 29-ին Հրազդան քաղաքի ու հարակից գյուղերի մի շարք բնակիչներ եւ երեւանցիներ, ինչպես խոստացել էին, «պաշարել» էին Կառավարության շենքի բակը: «Ո՞ւմ շահն է գերակա», «Ամոթ, Արա Աբրահամյանի եւ նրա եղբայրների հարուստ թաթիկները հասել են քաղբանտարկյալի եւ գյուղացիների ունեցվածքին», «Սասուն Միքայելյանը մեր երկրի հողերն է ազատագրել, իսկ դուք նրանից հող եք խլում» այսպիսի բովանդակությամբ պաստառները ակցիայի մասնակիցները պահած վանկարկում էին «ամոթ», «ձեռքներդ հեռու մեր ունեցվածքից»:
Նրանք Կառավարությունից պահանջում էին վերանայել այս տարվա փետրվարի 25-ին ՀՀ Կառավարության կայացրած որոշումը` Արտավազ գյուղական համանքի վարչական շրջաններում գտնվող որոշ տարածքներ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Այս որոշման արդյունքում 100-ից ավելի գյուղացիներ, որոնց թվում է նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, զրկվել են իրենց սեփականությունից` հողատարածքներից:

Սասուն Միքայելյանն ու մյուս գյուղացիները թեեւ սեփականության վկայականներ ունեն, սակայն դա ոչինչ չի նշանակում: Հողերի սեփականատերն արդեն Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, ՀՀԿ անդամ Գագիկ Աբրահամյանն ու Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամն են: Արա Աբրահամյանի եղբայրը գյուղացիների հողի վրա պատրաստվում է խմելու ջրերի գործարան կառուցել:
Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ քաղաքացիներն իրենց ստորագրություններով վավերացված դիմում էին հանձնել Կառավարությանը, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Ակցիայի մասնակիցներին է մոտեցել Կառավարության դիմում բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսան Ղազարյանը եւ հայտարարել, որ փոխանցված նամակի գրավոր պատասխանը կլինի 10 օրից: Այնուհետեւ հայտարարվել է, որ ակցիայի մասնակիցներից 3 հոգի կարող են բարձրանալ վերեւ` խնդիրը բանավոր ներկայացնելու համար:

Ակցիայի կազմակերպիչ, լրագրող Թագուհի Թովմասյանը եւ Հրազդանի բնակչուհի Ալետա Միքայելյանը գնացել են Կառավարության շենք:
«Մեզ սպասում էր Կառավարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Լիանա Հունանյանը, ում մենք բացատրեցինք, որ խնդիրը նախ բարոյական է, քանի որ ՀՀ Կառավարությունը բարոյական իրավունք չունի Սասուն Միքայելյանի նման ազատամարտիկից հող խլել, ապա նաեւ քաղաքական է, քանի որ եթե Սասուն Միքայելյանը բանտում չլիներ, նրա սեփականությունը չէին կարողանա խլել Արա Աբրահամյանը չէ, ով ուզում է լիներ… Ներկայացրեցինք, որ հարցը նաեւ սոցիալական ու իրավական է. Նախ յուրաքանչյուր մարդու սեփականության իրավունքը գերակա է ցանկացած շեյխի ու գործարարի ցանկություններին, բացի այդ հենց Արտավազից պետք է ողջ Հրազդանը ինքնահոս ջուր ստանա. այսօր քաղաքը պոմպակայաններով է կեղտոտ ջուր ստանում»,- հանդիպումից դուրս գալուց հետո նշել է Թ. Թովմասյանը: Ալետա Միքայելյանն էլ ներկայացրել է, որ Հրազդանի ջրից թունավորման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Բացի այդ, Կառավարության որոշմամբ է Սասուն Միքայելյանին այդ հողատարածքը հատկացվել` ՀԷԿ կառուցելու նպատակով, իսկ այսօր Կառավարությունը այդ որոշումը չեղյալ չհայտարարած, նոր որոշում է կայացրել:

«Կառավարության պաշտոնյան այդպես էլ չկարողացավ պատասխանել մեր հարցին, թե ինչո՞ւ է հենց այդ հատվածը գերակա շահ ճանաչվել, եթե չկա քաղաքական որոշում»,- ասել է Թովմասյանը:

Նշենք, որ հաջորդ ակցիան կկայանա 10 օր հետո: Իսկ եթե Կառավարությունը չտա բավարար պատասխան, մյուս ակցիան կանցկացվի նախագահական նստավայրի մոտ. քաղաքացիները Սերժ Սարգսյանին կներկայացնեն իրենց բողոքը` Կառավարության կայացրած որոշման դեմ: