Հայաստանի կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված վճռի կատարման հարցը։

Եվրադատարանը 2010 թ. հունիսի 15-ին վճռել է, որ Հայաստանի Հանրապետությունը Աշոտ Հարությունյանին որպես փոխհատուցում պետք է տրամադրի 16 հազար եվրո։

Ա. Հարությունյանը տնտեսական հանցագործության համար 2003 թ. դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Սակայն 2009 թ. նա մահացել է բանտում՝ չստանալով անհրաժեշտ բուժօգնություն։ Նա տառապել է սրտի, շաքարային դիաբետի եւ աղիքային համակարգի ծանր հիվանդություններով։ Սակայն քրեակատարողական հիմնարկը անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին։

2007 թ. Աշոտ Հարությունյանը վաղաժամկետ ազատ է արձակվել, բայց Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը վճռաբեկ բողոք է ներկայացել այդ որոշման դեմ, եւ Հարությունյանը նորից կալանավորվել է:

Նշենք, որ կառավարությունն այդ գումարը Ա. Հարությունյանի դստերը պետք է փոխանցի մինչեւ դեկտեմբերի 15-ը, որը Եվրադատարանի կողմից սահմանվել է որպես վերջնաժամկետ։