Նոյեմբերի 29-ին Ռումինիայի ուղղափառ եկեղեցու հովվապետ Դանիել Պատրիարքն (His Beatitude Daniel, Patriarch of the Romanian Orthodox Church) ընդունել է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դանիել Պատրիարքը պատրաստակամություն է հայտնել հոգեւոր ոլորտում խթանելու մի շարք ծրագրեր, մասնավորապես հոգեւոր կրթության եւ դաստիարակության բնագավառում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով փոխադարձաբար հայերենի ու ռումիներենի խորացված ուսուցմանը եւ մասնագետ կադրերի պատրաստմանը:
Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարության եւ եկեղեցու մշտական հոգատարությունն ու աջակցությունը մասնավորապես Ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ զարգացման գործում`ընդգծվել է այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման եւ լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարեւորությունը, որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսեւորումներից մեկը:
Հանդիպման ընթացքում դեսպան Գասպարյանը ռումին Պատրիարքին տեղեկացրել է Հայաստանի եւ հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակի մասին:





























