ԱՄՆ WikiLeaks-ի միջոցով դեռեւս չի հրապարակում Հայաստանին վերաբերող փաստաթղթերը, քանի որ դեռեւս խնայում է Հայաստանի իշխանություններին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 30-ին նման կարծիք է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են խնայում ՀՀ իշխանություններին, պատգամավորը ենթադրեց, որ նրանցից դեռ սպասելիքներ ունեն եւ «անհրաժեշտություն չկա հրապարակային ճնշումների մեխանիզմ օգտագործել»:

NEWS.am-ի հարցին, պատահակա՞ն է համարում, որ Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին ընդառաջ հրապարակվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի մասին գաղտնի փաստաթղթերը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Հայաստանի վերաբերյալ փաստաթղթերը այն փաստաթղթերն են, որ ներկա վարչակազմին կարող են ինչ-որ զիջումների ստիպել»: Ըստ պատգամավորի՝ Հայաստանի վերաբերյալ դեռեւս չհրապարակված փաստաթղթեր կան, որոնց հրապարակման դեպքում իսկապես Հայաստանը խնդիրներ կարող է ունենալ:

«Կարծում եմ, որ Հայաստանում այնպիսի պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք կարող են տարատեսակ փաստաթղթերի առիթ հանդիսանալ: Ոչ միայն մարտի 1-ի հետ կապված, այլ, այսպես ասած՝ «Պզոյի գործով»: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ անշարժ գույքի որեւէ գործարք չի կարող իրականացվել, եթե չկա բարձրաստիճան հովանավորությունը: Այնպես որ, սա եւս կարող է խնդիրներ առաջացնել»,-նշեց Մարտիրոսյանը: