Ալկոհոլային խմիչքներից Հայաստանում ամենաշատն արտադրվում է գարեջուր. 2010 թ. 10 ամսում արտադրվել է 14 մլն. լիտր կամ 44 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Արտադրության ծավալներով երկրորդ տեղում կոնյակն է՝ 9,6 մլն լիտր, աճը՝ 35 տոկոս։ Ցավոք՝ այդ աճը հիմնականում ձեռք է բերվում անորակ կոնյակի արտադրության հաշվին, որն էլ իր հերթին ստացվում է ներմուծված սպիրտից։ Բոլոր դեպքերում՝ կոնյակ արտադրողներն առաջ են անցել օղի արտադրողներից:

Օղու արտադրությունը 2010 թ. կրճատվել է 13 տոկոսով՝ մինչեւ 8,3 մլն լիտր։

Բավական հաստատուն տեմպերով աճ է գրանցում գինեգործությունը։ Այս տարվա 10 ամսում արտադրվել է 3,5 մլն տոննա գինի, որը 26 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Ալկոհոլային խմիչքներից ամենամեծ աճ արձանագրվել է շամպայն-գինիների արտադրության ոլորտում՝ 54 տոկոս։ Սակայն այս խմիչքի արտադրության ծավալները դեռեւս մեծ չեն՝ ընդամենը 280 հազ. լիտր: