Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Wikileaks-ի՝  շվեյցարական բանկերում իր հաշիվների մասին պնդումները ապացուցվելու դեպքում, ինքը պատրաստ է հրաժարական տալ։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի վարչապետը քննադատել է ընդդիմությանը՝ Wikileaks-ի հրապարակումներն իր դեմ որպես քաղաքական զենք օգտագործելու համար։ «Ես շվեյցարական բանկերում ոչ մի գրոշ չունեմ։ Եթե ապացուցեք, որ ես հաշիվներ ունեմ այնտեղ, անմիջապես հրաժարական կտամ»,-շեշտել է Էրդողանը։

Նշենք, որ Wikileaks-ի փաստաթղթերից մեկը, որը թվագրվում է 2004-ի դեկտեմբերի 30-ով, տեղեկացնում է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շվեյցարական 8 տարբեր բանկերում հաշիվներ ունի։

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային ներկայացուցիչների, նախարարների ընտանիքների միջեւ շահերի վերաբաշխման համար լուրջ բախումներ եւ անօրինականություններ են տեղի ունեցել։ Մեր երկու տարբեր աղբյուրների վստահեցմամբ՝ Էրդողանը շվեյցարական 8 տարբեր բանկերում դրամական հաշիվներ ունի։ Այն խոսակցությունները, թե Էրդողանը ունեցվածքը կուտակել է տղայի հարսանիքին ստացած նվերների հաշվին եւ 4 երեխաների ուսման վարձերը վճարվում են հարուստ թուրք գործարարների կողմից, պարզապես մակերեսային են»,-նշվում է փաստաթղթում։