WikiLeaks-ի հրապարակած փաստաղթղերի մի մասը լուրջ վնաս չի հասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին, Today’s Zaman-ում գրում է վերլուծաբան Դողու Էրգիլը: Սակայն, նրա կարծիքով, այն փաստաթղթերը, որոնք դեռ հրապարակված չեն կարող են փչացնել երկու երկրների հարաբերությունները:
«Փաստաթղթերը կարդալուց հետո տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ն, բոլոր ուղղություններով աջակցելով Անկարայի քաղաքականությունը, ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, հատկապես, Իրանի վերաբերյալ: Մինչդեռ Թուրքիան մի շարք հարցերում ավելի անկախ դիրքորոշում ունի», - նշում է փորձագետը:
Նրա կարծիքով, զրույցների տոնայնությունը կարող է դուրեկան լինել թուրք ազգայնականներին, որոնք հանդես են գալիս «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարած արտաքին քաղաքականության դեմ, մասնավորապես, այն հնազանդության դեմ, որ ցուցաբերվում է ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ հարաբերություններում: Ասվածի վկայությունն է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանությունից Վաշինգտոն ուղարկած նամակը, որը վերաբերում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսի եւ նրա թուրք գործընկեր Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպմանը:




























