Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հիացած չէ Մերձավոր արեւելքում ԱՄՆ-ի խաղաղ ջանքերի կապակցությամբ։ Իր կասկածների մասին նա հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, զրույցի վերծանումը հայտնվել է «Հաարեց» թերթի տրամադրության տակ։ Նեթանյահուի ու Մակրոնի հանդիպումը հուլիսի 16-ին է կայացել։

Մակրոնի այն հայտարարույթանը, որ Ֆրանսիան աջակցում է իսրայելցիներին ու պաղեստինցիներին բանակցային սեղանի մոտ վերադարձնելու ուղղությամբ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը, Նեթանյահուն պատասխանել է, որ վստահ չէ, որ ամերիկյան նախաձեռնությունը թույլ կտա առաջ շարժվել։ Նրա խոսքով, ինքը կասկածում է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը կկարողանա կատարել իր պարտավորությունները՝ հաշվի առնելով ներքին քաղաքական պատճառները։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը բոլոր հիմքերն ունի աշխատելու ամերիկացիների հետ, բայց կնախընտրեր այլ մոտեցում։ «Ես կցանկանայի զուգահեռ գործընթաց իրականացնել արաբական երկրների հետ՝ պաղեստինցիների հետ գործընթացի հետ միաժամանակ»,- ասել է նա՝ նկատի ունենալով սաուդյան խաղաղ նախաձեռնությունը։

Սաուդյան նախաձեռնությունը, որն առաջին անգամ ներկայացվել է 2002-ին, առաջարկում է Իսրայելին ճանաչում արաբական աշխարհի կողմից ու հարաբերությունների կարգավորում՝ փոխարենը ակնկալելով, որ Իսրայելը կհեռանա այն տարածքներից, որոնք գրավել է Մերձավոր արեւելքում 1967-ի պատերազմից հետո, այդ թվում Արեւելյան Երուսաղեմից։