Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գլխավոր շտաբի ղեկավար է նշանակել Ֆրանսուա Լեկուանտրին։ 55-ամյա գեներալը մինչ այդ զբաղեցնում էր ռազմական կաբինետի ղեկավարի պաշտոնը վարչապետ Էդուար Ֆիլիպեին օրոք։
Ֆրանսիայի նախագահը Ֆրանսուա Լեկուանտրին անվանել է ճանաչված հերոս, որն ունակ է պայքարել, ազատագրել ու գրոհել, հայտնում է RFI-ն։
Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաները՝ Նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հայտնել է, որ Գլխավոր շտաբի նոր ղեկավարն ունի անհրաժեշտ փորձ ու բացառիկ հատկանիշներ։ Նրա խոսքով, այս նշանակման պահը կարեւոր է նաեւ նրանով, որ հաջորդ տարի պետք է ընդունվի Ֆրանսիայի նոր ռազմական բյուջեն՝ առաջիկա հինգ տարիների համար։
Հենց ռազմական ծախսերի կրճատման հարցն էր դարձել Գլխավոր շտաբի նախկին ղեկավարի ու Ֆրանսիայի նախագահի միջեւ տարաձայնությունների պատճառը։ Ազգային ժողովի պաշտպանության հարցերով կոմիտեի փակ նիստի ժամանակ Պյեր դե Վիլյեն դեմ էր հանդես եկել այդ տարվա ռազմական բյուջեն 850 մլն եվրոյով կրճատելուն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոշտ էր արձագանքել գեներալի քննադատությանը՝ վստահեցնելով, որ կրճատումները չեն սպառնում ռազմական պատվերներին։ Նախագահի վարքագիծն առաջացրել է մի շարք ֆրանցիացի խորհրդարանականների կտրուկ քննադատությունը՝ թե աջերի, թե ձախերի։
Պյեր դե Վիլյեն Հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին Գլխավոր շտաբի ղեկավարն էր, ով հրաժարական է տվել։




























