2018-ից սկսած Հայաստանից Եմ արտահանման ընթացակարգը կպարզեցվի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է տնտեսական զարգացման ու ներդրումների առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

2016-ին Հայաստանից ԵՄ արտահանողների ու արտահանման գործարքների թիվը մեծացել էր։ Իսկ 2018-ից սկսած՝ Հայաստանը միանալու է Rex (Registered Exporter) արտահանողների տվյալների բազային։ Այդ դեպքում պարտադիր չի լինի արտահանման յուրաքանչյուր խմբաքանակի համար ծագման հավաստագիր  ստանալ։

Նշենք, որ մոտ 6 400 տեսակի ապրանքներ (ապրանքային դիրքեր)  Հայաստանից հնարավոր կլինի ԵՄ արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսային դրույքներով ՝ GSP+ արտոնությունների գլխավոր համակարգի շրջանակում։ Ծագման հավաստագիրը կարեւոր է նաեւ այդ արտոնությունները ստանալու համար։

«Հիմա բավական է համակարգում մեկ անգամ գրանցվել որպես Հայաստանից արտադրող, ու արդեն ամեն անգամ հավաստագիր ստանալու կարիք չի լինի։ Դրա շնորհիվ մենք սպասում ենք ԵՄ արտահանողների թվի ավելացում»,- հավելել է Մելքոնյանը։