ՄԱԿ-ում Փհենյանին կոչ են անում արձագանքել Սեուլի նախաձեռնություններին՝ բանակցություններ անցկացնել ռազմական թեմայով ու կազմակերպել բաժանված ընտանիքների հանդիպումներ։

«Մեզ բազմիցս հարցեր են ուղղել Կորեական թերակղզում իրադարձությունների զարգացման վերաբերյալ։ Այս կապակցությամբ ուզում եմ ձեզ ասել, որ ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղարը ողջունել է Կորեայի հանրապետության առաջարկը՝ վերականգնել միջկորեական կապի ուղիները ու Կորեական Ժողովրդական- Դեմոկրատական Հանրապետության առաջնորդներին կոչ է արել դրական արձագանքել այս առաջարկին»,- հայտնել է ՄԱԿ մամուլի քարտուղարի գրասենյակի ներկայացուցիչ Ֆարհան Հակը, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։

Նա շեշտել է, որ ավելի վաղ գլխավոր քարտուղարն արդեն հայտնել էր Հյուսիսային Կորեայի հետ հաղորդակցության ուղիների բացակայության վտանգավորության մասին։ «Կապի ուղիների վերականգնումն ու ամրապնդումը, հատկապես զինվորականների միջև, կօգնի հասնել սխալների կամ թյուրիմացությունների հավանականության նվազմանն ու կնպաստի տարածաշրջանում լարվածության նվազմանը»,- շեշտել է Ֆարհան Հակը։