Հայաստանի նախագահը, ելույթ ունենալով հայ-խորվաթական գործարար համաժողովի բացմանը, շնորհակալական խոսք է ուղղել Խորվաթիայի նախագահ Ստեպան Մեսիչին` ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար։

«Սա Հայաստանի եւ Խորվաթիայի գործարարների մասնակցությամբ առաջին համատեղ համաժողովն է։ Այն լավ հնարավորություն է ստեղծում մեր երկու պետությունների գործարարների համար` կապեր հաստատելու եւ հետագա համագործակցության ուրվագծերը նախանշելու համար։ Կարեւոր է նաեւ, որ համաժողովը տեղի է ունենում գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որն առավել մեծացնում է նրա հնարավոր արդյունքների նշանակությունը։ Նման համաժողովների պարբերաբար կազմակերպումն էապես կնպաստի մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը եւ տնտեսական օղակների միջեւ փոխշահավետ համագործակցության հաստատմանը», — ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ Հայաստանն ու Խորվաթիան պատմականորեն բնականոն հարաբերություններ եւ տնտեսական համագործակցության լուրջ ներուժ ունեցող երկրներ են։ Դարերի խորքից է գալիս երկու ժողովուրդների` միմյանց ճանաչելու եւ համագործակցելու ցանկությունը, ինչի համար վերջին տարիներին ստեղծվել են ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսական համագործակցության համար նպաստավոր պայմաններ։

«Անկախ Հայաստանն ու Խորվաթիան ժառանգել են բազմաճյուղ եւ գիտատար տնտեսություն, եւ հարգարժան Նախագահի հետ իմ շփումները փաստում են, որ մենք նաեւ ունենք համանման հավակնություններ մեր տնտեսության զարգացման ապագայի հարցում։ Այդ իրողությունը մեր գործարարների համար լայն հնարավորություններ է ընձեռում ծավալել փոխշահավետ գործունեություն տնտեսության ամենատարբեր ոլորտներում։

Հայաստանի ավանդույթները, գիտական եւ տեխնոլոգիական ներուժը զարգացման նախադրյալներ են ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, դեղագործության եւ քիմիական արդյունաբերության ոլորտների համար։ Այսօր, այցելելով Զագրեբի աստղադիտարան եւ ծանոթանալով Տիեզերական միջավայրի ուսումնասիրության նորաստեղծ ցանցին, մենք հնարավորություն կունենանք համոզվելու, որ հայ ֆիզիկոսները ներկայում էլ մրցունակ են։

Հայաստանը լուրջ ներուժ ունի նաեւ գյուղատնտեսական արդյունաբերության, շինարարության, թեթեւ արդյունաբերության, ոսկերչության, զբոսաշրջության, էներգետիկայի զարգացման ոլորտներում։ Սրանք հայտարարված են որպես գերակա ոլորտներ, եւ մեր կառավարությունը հաստատուն ջանքեր է գործադրում գործարար միջավայրի զարգացման համար` նպատակ ունենալով կայացնել մեծ „արժեք ավելացնող“, արտահանմանն ուղղված եւ միջազգայնորեն մրցունակ տնտեսություն։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը եւ՛ Հայաստանում, եւ՛ Խորվաթիայում պետական մակարդակով հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, եւ երկու երկրներն էլ ունեն բավականին նվաճումներ այդ ոլորտում», ասել է ՀՀ նախագահը։

Նախագահի խոսքերով, քննարկվել են «Էրիքսոն» ֆիրմայի խորվաթական մասնաճյուղի հետ համագործակցության հնարավորությունները` էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ուղղությամբ։
Քննարկվել են նաեւ զբոսաշրջության բնագավառում չօգտագործված հնարավորությունները։ Մասնավորապես՝ Խորվաթիայի փորձի ուսումնասիրումը եւ զբասաշրջության գործի մասնագետների պատրաստման խորվաթական հնարավորությունների օգտագործումը կարող են նոր եւ լայն հեռանկարներ բացել այս ոլորտի գործարարների համար։

Մեծ է երկկողմ համագործակցության ներուժը Հայաստանում «Հյուսիս-Հարավ» մայրուղու, երկաթգծի եւ ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում։ Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են եւ լայն հնարավորություն են ստեղծում խորվաթական ընկերությունների համար։

Հայաստանը կարող է ապահովել ներդրումների արդյունավետ ելք՝ ֆինանսական շուկաների միջոցով։ Մասնավորապես՝ բանկային համակարգում գերիշխում են միջազգային ճանաչում ունեցող բանկեր տարբեր մշակույթներ ունեցող երկրներից, իսկ ֆոնդային բորսան «OMX NASDAQ»ի սեփականությունն է։

Խորվաթիայի նախագահ Մեսիչի` Հայաստան կատարած այցելության ընթացքում, ինչպես հայտնի է, ստորագրվեց եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը, իսկ նման համաձայնագրերը համագործակցության հուսալի հիմք են դնում գործարար համագործակցության համար։

«Հաշվի առնելով, որ մեր երկու պետությունները որդեգրել են Եվրոպական ինտեգրման ուղին, ինչպես նաեւ այն, որ Եվրամիությունը Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերն է, անհրաժեշտ եմ համարում մեր առավել սերտ համագործակցությունը եվրակառույցների շրջանակներում։ Համոզված եմ` արդյունավետ համագործակցելով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում, մեր տնտեսություններն ու շուկաները էլ ավելի կմոտենան իրար եւ կնպաստեն առեւտրաշրջանառության էական աճին», — նշել է Հայաստանի նախագահը։