Չէր հասցրել Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովն ավարտվել, երբ Բաքուն մեղադրանքների տարափ տեղաց Հայաստանի հասցեին:

Ադրբեջանի նման գործողությունները սկսում են նյարդայնացնել. բառացիորեն նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, թեեւ իր ելույթում կրկին երգեց հին երգը հայկական «ագրեսիայի» մասին, բայց միացավ Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությանը:

Հիշեցնենք, որ գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել:

Այդկերպ, գագաթաժողովին Ալիեւը չհամարձակվեց բաց տեքստով ռազմատենչ հայտարարություններ անել, սակայն նրա փոխարեն դա արեցին վարչախմբի սպասարկուները:

«Աստանայում գագաթաժողովի ընթացքում Ադրբեջանը բախվեց Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման հետ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը եւ հավելել. «Եթե հետագայում էլ Հայաստանը շարունակի նման մոտեցում որդեգրել, Ադրբեջանը ստիպված կլինի ազատագրել իր տարածքները ռազմական եղանակով»:

Ի՞նչ ապակառուցողականության մասին է խոսքը, պարոնայք: Հայկական կողմը քանիցս հայտարարել է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիության մասին, ինչն, ի դեպ, ԵԱՀԿ ներկայիս գագաթաժողովի գլխավոր սկզբունքներից է:

Կրկին հարց է ծագում, կողմերից ո՞րն է ապակառուցողական: Պատասխանը հստակ է, Ադրբեջանը: