Wikileaks-ը հրապարակել է ամերիկյան դիվանագետ Դոնալդ Լուի գրառումը, որում նա բնութագրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցուցադրում է տրամագծորեն հակառակ մոտեցումներ ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում»,- ասված է գրառման մեջ. «Ալիեւի արտաքին քաղաքական կուրսը պրագմատիկ է, զուսպ, միտված դեպի Արեւմուտք,մինչդեռ տանը նա ավտորիտար գործիչ է, որը թշնամաբար է տրամադրված քաղաքական այլ հայացքների նկատմամբ: Այդ հակասությունը, նաեւ նրա հոր ամենահաս ներկայությունը, հակում է որոշ վերլուծաբանների ալիեւներին համեմատել Կորլեոնե ընտանիքի հետ, իսկ Իլհամ Ալիեւը Մայքլ եւ Սոնի Կորլեոնեների յուրահատուկ միքս է»,- ասված է գրառման մեջ:
Գրառման մեջ նշված է, որ Հեյդար Ալիեւին կարելի է անվանել Ադրբեջանի «Վիտո Կորլեոնե»:
Նշվում է նաեւ, որ չնայած «ուժի միջոցով օկուպացված տարածքների ազատագրման» հնարավորության մասին բոլոր ելույթներին՝ Ալիեւը կառուցողական կերպով է աշխատում Մինսկի խմբի հետ եւ լավ հարաբերություններ ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ի տարբերություն երկու երկրների ԱԳ նախարարների լարված հարաբերությունների:
Չնայած հայ-թուրքական մերձեցումից իր ողջ սարսափին, նա հանձնարարեց SOCAR-ին բանակցություններ վարել Թուրքիա նավթ եւ գազ արտահանելու վերաբերյալ: Բանակցությունները բարդ են ընթանում, բայց Ալիեւը հասկանում է, որ չի կարող խզել կապերը Թուրքիայի հետ եւ այդքան հեռուն չի գնա, քանի դեռ հայ-թուրքական հարցը բաց է մնում:





























