Սքոթլանդ-Յարդը, որը գիտի, թե որտեղ է գտնվում Ինտերպոլի կողմից հետախուզվող  Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը, սպասում է հրամանի` հետագա գործողությունների համար:

Այսինքն, անգլիական ոստիկանությունն առայժմ Ասանջին ձերբակալելու փորձեր չի անում:

Independent թերթի փոխանցմամբ, Ասանջը, հոկտեմբերին ժամանելով Լոնդոն, ոստիկանությանն է հանձնել իր բոլոր կոնտակտները: Այդուհանդերձ, Սքոթլանդ-Յարդը չի կարող ձերբակալել հետախուզվող ավստրալացուն առանց կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բրիտանական գործակալության հրամանի:

Ասանջի փաստաբան Մարկ Սթեֆենսը հավաստիացրել է, թե իր պաշտպանյալը չի թաքնվում եւ անգամ մի քանի հարցազրույց է տվել:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ինտերպոլը միջազգային հետախուզում էր հայտարարել Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի նկատմամբ, քանի որ նրան Շվեդիայում մեղադրում են բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ: