Ադրբեջանի  պաշտպանության նախարարությունը փորձում է հերքել Wikileaks-ի նոր հրապարակումը գերատեսչության ղեկավար Սաֆար Աբիեւի բանակցությունների վեաբերյալ:

«Ես շատ զարմացա՝ ծանոթանալով տեքստին: Որպես մամուլի քարտուղար մասնակցել եմ շատ հանդիպումների, հատկապես օտարերկրյա դեսպանների հետ բանակցությունների: Շատ լավ եմ հիշում ԱՄՆ դեսպան Էնն Դերսի հետ հանդիպումը: Տեքստն ավելի նման է հորինվածքի եւ տպավորություն է ստեղծվում, թե այդ սադրիչ բնույթ ունի»,- ասել է ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Wikileaks-ը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ Բաքվում ԱՄՆ դեսպան Էնն Դերսի զրույցը, որում մանրամասներ են հաղորդվում Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի առաքումների վերաբերյալ:

Աբիեւը պատմել է, որ անհանգստացած լինելով 2008թ. ընթացքում Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք առաքելու փաստերով, մեկնել է Մոսկվա: «Պաշտոնական հանդիպումների ընթացքում, Աբիեւի պատմելով, ռուս գործընկերները հերքել էին իրենց մեղսակցությունը: Սակայն «երկրորդ շշից հետո» ռուսները բացվել էին, եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոստովանել էր, որ զենքն առաքվել է Հայաստան»,- ասված է դեսպանի նամակում:

«Ուշագրավ է, որ Աբիեւը մեջբերել է Սերդյուկովին, որն անկեղծացել էր. «Դուք ենթարկվո՞ւմ եք ձեր նախագահի կարգադրություններին: Ես կատարում եմ երկու երկու նախագահի հրամանները»: