Հայկական ուժերը ավելի լավ են պատրաստված եւ ընդունակ են դիմանալ Ադրբեջանի հետ տեւական հակամարտությանը: Այդ մասին ասված է Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (The International Institute For Strategic Studies) պատրաստած զեկույցում:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական մրցակցությունը շատ սուր է: 2009թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 1,4 միլիարդ դոլար (շնորհիվ գազի եւ նավթի), ինչը չորս անգամ գերազանցում է հայկական ռազմական բյուջեին: Ադրբեջանի բանակը 67 հազար է, հայկականը՝ 47 հազար՝ չհաշված Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին՝ մոտ 20 հազար զինծառայողներ:  Սակայն հայկական ուժերն ավելի լավ են պատրաստված եւ կարող են դիմանալ երկար հակամարտությանը: Ադրբեջանը լրջորեն հնարավորությունների կարիք ունի՝ անհրաժեշտ հաղթանակի հասնելու համար»-ասված է  զեկույցում:

Վերլուծաբանները նկատում են, որ ռազմական արդիականացման եւ ուսուցման հարցերում Ադրբեջանը հենվում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի վրա, սակայն սպառազինություն է գնել նաեւ Ուկրաինայից՝ 30 ՄիԳ-25 կործանիչներ եւ հեռահար 12 հրթիռներ: Իսկ C-300 համալիրների գնումը կարող է ապահովել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների հուսալի պաշտպանություն, որը Հայաստանի առանցքային թիրախն է լինելու, եթե պատերազմ սկսվի:

Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ զգալի զենք է գնել էժան գներով: Աշխարհագրական դիրքը եւս առավելություն է, հայկական ուժերը բարձր դիրք են զբաղեցնում լեռնային տարածքում, նաեւ մի շարք ամրացված դիրքեր ունեն:

Ամրությունների եւ աշխարհագրական դիրքի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը վճռականորեն հանդես է գալիս տարածքների հանձնման դեմ: Վերլուծաբանները նշում են, որ եթե Հայաստանը հանձնի տարածքները, Ադրբեջանը հնարավորություն կստանա ուժով հետ նվաճել Լեռնային Ղարաբաղը:

Զեկույցում նշվում է, որ չնայած հայկական ուժերը պաշտպանում են իրենց, Ռուսաստանի աջակցությունը պատերազմի դեպքում  ակնհայտ չէ: Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին եւ վերջին համաձայնություններին, Մոսկվայում քչերն են կարծում, թե Ռուսաստանն ինքնաբերաբար կմիջամտի պատերազմին: