Շամիրամ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ժամանակ վիրավորված եւ «Աստղիկ» ԲԿ-ում բուժում ստացող Տոսուն եւ Խդր Սմոյաններն ու Ֆայզու Օզմանյանը տրավմատոլոգիական վիրահատությունների կարիք ունեն: Դրանք, ամենայն հավանականությամբ, կկատարվեն արդեն հաջորդ շաբաթ, երբ նրանց վիճակը բարելավվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:
Ներկայում մասնագետները երեք տուժածների վիճակը միջին ծանրության են գնահատում: Գլխավոր բժշկի խոսքով՝ գիշերը ոչ մի արտակարգ բան չի պատահել, վիրավորները լավ են զգում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բայց այսօր նրանք կմնան վերակենդանացման բաժանմունքում, իսկ վաղը նրանցից մեկին, հավանաբար, հիվանդասենյակ կտեղափոխեն:
Երբ հիվանդների վիճակը բավականաչափ կայունանա, նրանց կվիրահատեն, իսկ հիմա տրավմատոլոգիական վիրահատությունները հակացուցված են: Վիրավորներից մեկը թիակի կոտրվածքներ ունի, մյուսը՝ կողոսկրի, երրորդը՝ անրակի կոտրվածքներ: Բոլոր երեք դեպքերում վիրահատական միջամտություն է անհրաժեշտ, բայց վիրահատության ժամկետների մասին հնարավոր կլինի խոսել միայն հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի՝ հիմնականում եզդիներով բնակեցված Շամիրամ գյուղում դաժան հաշվեհարդար է իրականացվել: Կասկածյալը, ենթադրաբար՝ Թելման Քալաշյանը, ներխուժել է գյուղի գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահ եւ կրակ բացել մարդկանց ուղղությամբ:
Միջադեպի հետեւանքով 3 մարդ տեղում մահացել է, 8-ը՝ վիրավորվել: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրանցից մեկը վիրահատութայն ժամանակ մահացել է:


























