Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովից հետո Ադրբեջանը դիվանագիտական ճակատում առաջիկայում ակտիվ քայլեր կանի, եւ չի բացառվում, որ դիմի նաեւ ռազմական գործողությունների: Դրանց ի պատասխան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան մեղմ արձագանքով: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ինչ վերաբերում է Աստանայում ընդունված հայտարարությանը, ապա այն, ըստ Մանոյանի, վատ փաստաթուղթ չէր, սակայն դա չի նշանակում նաեւ թե լավն էր: «Այդ փաստաթղթում կան հղումներ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների այս եւ անցած տարվա հայտարարություններին, որտեղ նշված են նաեւ Մադրիդյան կոչվող սկզբունքները եւ դրանցից բխող տարրեր, քայլեր: Այդ տարրերն ու քայլերն են, որ մեր՝ Դաշնակցության համար անընդունելի են, որովհետեւ դրանք հաշվի չեն առնում, որ 1988-ից հետո ինչ-որ զարգացումներ են տեղի ունեցել ԼՂ գործընթացում»,-հայտարարեց Մանոյանը: Ըստ նրա՝ թեեւ փաստաթուղթը լավը չէ, սակայն փաստաթղթի գոյությունն ինքնին դրական է, քանի որ դրանում խոսվում է բանակցային գործընթացը շարունակելու մասին:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ որեւէ առաջընթաց ԼՂ կարգավորման գործում չարձանագրվեց Աստանայում, ՀՅԴ-ական գործիչն արձագանքեց. «Միջնորդները շահագրգռված են, որ հակամարտությունը լուծվի, բայց տակավին պատրաստ չեն կողմերից մեկի վրա ճնշում բանեցնել: Եթե ճնշման մասին է խոսքը, ապա այն երկու կողմերի վրա էլ պետք է բանեցվի: Սակայն միջնորդների մտահոգությունն այն է, որ հանկարծ հակամարտությունը չվերածվի պատերազմի»:





























